Երբ նայում եմ քաղաքային իշխանության իրականացրած քայլերին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հանրային տրանսպորտի սակագնի թանկացման, այնուհետև «էժանացման» գործողությունը վախի դետոնացիա է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
«Իրար հետևից ինչ-որ գործողություններ են անում, հետո հերքում են այն, ինչ արել են, նոր առաջարկ են անում։ Մեկ շաբաթվա ընթացքում 2200 դրամանոց փաթեթը դարձավ 2000 դրամ, այսօր առավոտյան՝ արդեն 1500 դրամ։ Այսինքն՝ իրար հետևից ոչ գրագետ, ոչ մի հիմնավորում չունեցող գործողություններ են կատարվում։
Հայտարարում են, որ մեկ ուղևորությունը փետրվարի 1-ից դառնում է 150 դրամ, բայց քաղաքացին 150 դրամ վճարել չի կարող, որովհետև Telcell-ի ապարատները 50 դրամ չեն ընդունում։ Ուզենք-չուզենք՝ պետք է միանգամից երկու ուղղություն գնենք, այսինքն՝ երկու ուղևորությունը վաճառում են որպես մեկ ուղևորություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Երևանի ավագանու անդամը հիշեցրեց՝ երևանցիների պահանջը մեկ ուղևորության համար 100 դրամ ուղեվարձն անփոփոխ թողնելն է, և իր կարծիքով՝ մարդիկ պահանջատեր են լինելու։
«Որովհետև այս աբսուրդի թատրոնը, որին ականատես եղանք բոլորս, ավելի քան ակնհայտ դարձրեց, որ տրանսպորտի սակագնի թանկացման մեջ չկա որևէ հիմնավորում. իրենք որոշել են օդից ընկած մի թիվ, և, իդեպ, մենք բազմիցս ենք հորդորել ցույց տալ՝ ինչպե՞ս է գնագոյացումը տեղի ունենում, ինչպե՞ս են որոշել, որ մեկ ուղևորությունը պետք է 300 դրամ արժենա։
Մինչև այդ՝ ասում էին, որ ընդդիմադիր խմբակցությունները ստում են, 300 դրամ գին չկա։ Հիմա, բացի այն, որ այդ 300 դրամը կար՝ այժմ էլ դարձավ 150 դրամ։ Շուտով էլ կլինի այն, ինչ բնակչությունը պահանջում է՝ 100 դրամ սակագին, և վերջ։ Ես ավելի քան համոզված եմ, որ երևանցիները պնդելու են սա»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։
Ըստ նրա՝ ամենասարսափելին այն է, որ քաղաքային իշխանությունները միայն կենդանի վիրահատության ընթացքում են հասկանում՝ ինչ պետք է անեն, այսինքն՝ քայլերի հաջորդականության մասին մտածում են միայն կտրվածքն անելուց հետո։
«Միայն «վիրահատությունը» սկսելուց հետո են հասկանում, որ արյունահոսում է, այլ խնդիրներ ևս կան, այսինքն՝ ռիսկերի գնահատումը, մասնագիտական ուղղորդումը, փորձագիտական գնահատականը զրո մակարդակի վրա են։ Սա ձեռագիր է, և այս ձեռագիրը տեսանք ծառահատումների ժամանակ ևս, այժմ եկել է տրանսպորտի հերթը։ Ցանկացած բանի, ինչին ձեռք են տալիս քաղաքային իշխանությունները, ունենում է նույնանման արդյունք»,- ամփոփեց Քրիստինա Վարդանյանը։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտի գինը սահմանվում է 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:
Երևանի նախկին քաղաքապետ Հակ Մարությանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորությունը՝ 100 դրամ: «Փետրվարի մեկից՝ բոյկոտ», -գրել էր նա: