Տոմսակ
Հիմա, երբ սրտի անբավարարության պատճառով կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի տիկինը, կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ էր ԱԺ պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանելիս մի տեսակ ընկճված ու մտահոգությամբ արտահայտվում իր անձնական կյանքի մասին նիկոլականների «բացահայտումների» վերաբերյալ լրագրողների մասին։ Հիմա պարզվում է, որ նա տանը ծանր հիվանդ ուներ։
Այս տխուր դեպքը ավելին է, շատ ավելին, քան մարդուն վարկաբեկելու անբարոյականությունը։ Ավելին՝ քան «ուրիշի անկողին» մտնելու փորձը։ Սրա անունը սպանություն է, մարդասպանություն՝ ուղղակի, անուղղակի, դիտավորյալ, ակամա, թե այլ՝ իրավաբանները կարող են ճշգրիտ բնորոշել։
Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի գիշատչական բնավորությունը, բացառվում է, որ նա նախապես, ասենք՝ մեկ ամիս առաջ չգիտեր, որ իր քաղաքական հերթական հալածյալի՝ Հովիկ Աղազարյանի ընտանիքում ի՛նչ իրավիճակ է, նկատի ունեմ պատգամավորի կնոջ սրտային հիվանդությունը, իսկ ավելի ուշ, երբ արդեն սաստկացրել էր հալածանքը, չէր իմացել, որ տիկին Աղազարյանը սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա չէ՞ր հասկանում, որ նման պարագաներում գործում է «Մի՛ վնասիր» ամենահումանիստական սկզբունքը։
Բժիշկներն ու քրեագետ իրավաբանները քաջ գիտեն, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ծանր հիվադներին հոգեկան հավելյալ տառապանքի մատնելը, նրա հարազատներին նյութական, բարոյական քրեական մեղադրանքների ենթարկելը, այն էլ՝ հրապարակայնորեն։
Գործ ունենք իսկական իրավական-դատական case-ի հետ, կամա թե ակամա մարդուն սպանության հասցնելու արարքի հետ։
Հովիկ Աղազարյանը կուզենա՞, իր մեջ բավարար ուժ կգտնի՞ դատական գործ հարուցելու Նիկոլ Փաշինյանի դեմ, թե՞ կմնա ձեռնպահ՝ ինչպես վարչապետի ավտոշարասյան զոհը դարձած հղի կնոջ հարազատները, ինչպես ողջակիզված 15 զինծառայողների ընտանիքները, կամ ինչպես դատարանում սրտի կաթվածից մահացած Արմեն Գրիգորյանի ընկերները։
Պետք չէ վախենալ «վնգստացող դատավորների» այսպես կոչված անհյուրընկալությունից։ Եթե նրանք մերժեն վարույթ ընդունել գործը, ապա ստիպված են դա անել գրավոր արձանագրությամբ։ Իսկ գրավորը մնայուն է, որը միշտ պետք է գալու։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ