Եթե Ալիևը անհամաձայնություն չհայտնի, հունվարին հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հույս ունեմ, որ մի քանի ամիս հետո սահմանը կբացվի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կարո Փայլանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հունվարին դրական զարգացումներ կարող են լինել նաև Թրամփի ուղու հարցում։
Հարցին՝ ինչպե՞ս կարող են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվել, եթե Թուրքիան շարունակում է պաշտոնապես ժխտել Հայոց ցեղասպանությունը, Փայլանը պատասխանեց՝ իր տատը և հայրը մահացել են առանց պատմական արդարությանն ականատես լինելու։
«Ես չեմ ուզի մեռնել առանց պատմական արդարությանն ականատես լինելու։ Եթե ապագա չունես, հարաբերություններ չունես, եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես անցյալի համար երկխոսություն սկսել։ Կարծում եմ՝ հարաբերություններ ունենալով՝ կկարողանանք կառուցել ապագան։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի անցյալի մասին խոսել։
Չպետք է արդարություն փնտրենք Վաշինգտոնում կամ Փարիզում։ Արդարությունը պետք է մեր տարածաշրջանում գտնենք, և երկխոսությունով ամեն ինչի ավելի հեշտ կարելի է հասնել։ Թուրքիայի ժողովուրդը հիմա պատրաստ է ասելու, որ վատ իրադարձություններ ենք ապրել 1915-ին, բայց պատրաստ չէ, որ դրա անունը դրվի ցեղասպանություն։ 110 տարի ի վեր բոլորս էլ կորցրել ենք՝ հայերն էլ, թուրքերն էլ»,- ասաց Փայլանը։