ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանն արագացված տեմպերով շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային:
Բայդենն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա դեկտեմբերի 25-ի առավոտյան Մոսկվայի զանգվածային հարձակումների ֆոնին։
«Սուրբ Ծննդյան շեմին Ռուսաստանը զանգվածային հրթիռային և ԱԹՍ հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով ուկրաինացի ժողովրդին ձմռանը զրկել ջերմությունից և էլեկտրականությունից՝ վտանգելով նաև երկրի էներգետիկ համակարգը», – հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ – «Ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության և անվտանգության, Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այն չի տապալել ռուսական ագրեսիան»։
Հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները վերջին ամիսներին Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարյուրավոր հրթիռներ է տրամադրել, որոնցից շատերը դեռ ճանապարհին են, Բայդենը հայտարարել է․ – «Ես հրահանգել եմ պաշտպանության նախարարությանը շարունակել սպառազինությունների արագ մատակարարումներն Ուկրաինա։ Միացյալ Նահանգները կաշխատի՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու համար»:
Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական կողմը հաղորդեց, որ Ռուսաստանը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի էլեկտրացանցերին ու քաղաքներին։ Ըստ Ուկրաինայի տեղական իշխանությունների՝ Խարկովում առնվազն վեց մարդ վիրավորվել է, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում մեկ մարդ զոհվել է: