
Երևանը Սահմանադրությունը փոխելու շուրջ Բաքվի հետ չի բանակցում, պնդում է արտգործնախարարը՝ ընգդծելով, որ հայկական կողմը չի կիսում Հայաստանի Մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները:
Սահմանադրության փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում այսօր Արարատ Միրզոյանին ուղղեց ադրբեջանցի լրագրողը:
«Մեր պատասխանը շատ միանշանակ է. մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք հարցերի շուրջ համաձայնությունները ձեռքբերված են, հրապարակված է, ստորագրված է: Բայց կան նաև հարցեր, որ երկու երկրները չեն համաձայնվում: Սա այդպիսի հարցերից մեկն է», – ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Բաքվում սպասում են այդ փոփոխությանը, լրագրողը հետաքրքրվեց, թե Երևանում որքան շուտ այն կիրականցնեն: Արտգործնախարարը մինչ բուն հարցին անդրադառնալը տարակուսեց՝ ինչու է ադրբեջանական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչը Երևանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը համահունչ հարց տալիս:
«Ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ, պաշտոնական Բաքվի խոսույթը, թեման, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու ադրբեջանցի իմ գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի Սահմանադրության վերաբերյալ: Բայց, գուցե, ես թյուր պատկերացումներ ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին», – նշեց արտգործնախարարը:
Ավելի քան երեք տարի բանակցված և համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է: Բաքուն ստորագրելու երկու նախապայման էր ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն: Երեք տասնամյակ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ ձևաչափը Երևանի համաձայնությամբ լուծարվեց: Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, ինչպես Արարատ Միրզոյանն այսօր պնդեց՝ Երևանն ու Բաքուն արձանագրել են՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի Սահմանադրություններին բանակցություններում անդրադարձ չի լինելու:
«Մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է: Հետևաբար մենք և Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային, չկա այդպիսի բան: Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն , – ընդգծեց Միրզոյանը:
Բաքվից, մինչդեռ, չեն հրաժարվում այս օրակարգից, պարբերաբար հիշեցնում են՝ խաղաղության պայմանագիրը կստորագրեն միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո: