Առաջին անգամն եմ տեսնում, որ հյուրընկալվողը, այս պարագայում՝ վարչապետ Ն. Փաշինյանը, հյուրընկալողի տուն գնալիս, այս պարագայում՝ Մանկավարժական համալսարան, ի՛նքն է որոշում, թե ո՞վ եւ ովքե՞ր են լինելու այդ տանը: Արտառոց այդ դեպքին անձամբ ականատես եղա, երբ, չորեքշաբթի առավոտ, ուզեցի մուտք գործել իմ- մեր համալսարան՝ 3-րդ կուրսի ուսանողներիս դասախոսելու, այս անգամ՝ «Քարոզչական պատերազմներ» թեմայով:
Դուռը իր մարմնով փակել էր մի ոստիկան, ձեռքին՝ պլանշեթ, վրան՝ անվանացանկ:
Դասախոսներիցս անձնագիր էր պահանջում, ուսանողներից՝ նույնպես: Վերջիններից ոմանց ներս էր թողնում, մյուսներին՝ «էսօր դաս չկա» ասելով՝ հետ ուղարկում, նույնը ասաց նաեւ ինձ, ցուցակում անուն-ազգանունս ստուգելուց հետո:
Ոստիկանն անշուշտ մենակ չէր: Նրանք շատ էին, Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա խաչմերուկից սկսած մինչեւ մեր ֆակուլտետի դուռը, նաեւ դռնից ներս տեղադրված մետաղաորսիչ անցակետի շուրջ, ավելի քան 100 հոգի՝ ներառյալ անընդհատ ճչացող ավտոմեքենաների ներսինները: Զննող աչքերով տնտղում էին բոլորին: Կարծես ինչ-որ բանի էին սպասում:
Այդպես էլ որեւէ բան չպատահեց: Բայց պատահեց այն, որ քիչ անց ժամանեց Ինքը՝ Նորին Մեծություն Պետությունը: Ես չտեսա այդ պատմական պահը: Միայն հետո իմացա, որ Պետապետը եկել է մեր համալսարանի ղեկավարության հետ խորհրդակցելու (ի՜նչ համեստություն) 2025-ի ապրիլին հիմնադրվելիք Բաբելոնյան աշտարակի, ներողություն՝ Ակադեմիական քաղաքի, մինչ այդ՝ Fusion-ի ենթակա բուհերի, Ազգային Ակադեմիայի ինստիտուտների հետ միաձուլման եւ հարակից հարցերի շուրջ:
Երնե՜կ Աշտարակ քաղաքին ու նրա բնակիչներին, որոնք ամեն օր 45-50 հազար ուսանողների, դասախոսների, գիտնականների են հանդիպելու Երեւանից եւ այլ վայրերից իրարահաջորդ արագընթաց գնացքներով ժամանող ու մեկնող:
Իջե՛ք, իջե՛՜ք երազներ…
Ու որպեսզի երազախաբությունից դուրս հանենք մեր երկրի ներքին անվտանգության համակարգի պատասխանատուներին, հին թե նոր, ու մանավանդ «քառսուն գոմշի կաշվով» պաշտպանվող վարչապետին, եկեք հիշենք ընտրյալ նախագահ Թրամփի դեմ մահափորձի կապակցությամբ ամերիկյան մամուլում կրկին շրջանառված խոսքը՝ կարեւորը կանխելն է, իսկ կանխումը հետախուզական մարմինների գործն է, անձայն, անշշուկ, աննկատ աշխատանքը: Պրոֆեսիոնալների դեմ անիմաստ է ոստիկանական զորք հանելը: Մանավանդ մեր ոստիկաններին, որոնց, քանիցս ենք տեսել, առնվազն 4 հոգի է պետք 1 անձի ձերբակալելու համար, նույնիսկ՝ որդեկորույս կանանց:
Մեր երկրին այսօր, վաղը եւ ընդմիշտ պրոֆեսիոնալներ են պետք: Այսօր չունենք, չենք էլ ունենա: Հետախուզությունն ու հակահետախուզությունը՝ նույնպես:
Մեկ էլ՝ անհամոզիչ պատճառաբանությամբ դպրոց ու համալսարան փակելը, դասաժամեր գողանալը, ճանապարհ ու երթեւեկ փակելը, ոստիկանական show-երով սեփական անձը կարեւորելը ծառայում են մեկ բանի՝ ատելության խորացմանը:
Դա պե՞տք է մեզ: Իսկ իրե՞ն…:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ