110 տարի առաջ, Վիեննայում, հրեական ընտանիքում ծնվել է Հեդի Լամարը (11/09/1914 – 01/19/2000)
Մենք պետք է երախտապարտ լինենք անցյալ դարաշրջանի ամենագեղեցիկ կանանցից մեկին՝ հոլիվուդյան աստղին, WIFI-ի, բջջային կապի, «պայթող» հաբերի և շան լուսարձակող օձիքի գյուտի հեղինակին։ Նա ամեն ինչում էր նորարար։
Հեդին առաջինն էր կինոյի պատմության մեջ, որ ամբողջովին մերկ հայտնվեց ավստրիական սկանդալային «Էքստազ» (1933 թ.) ֆիլմում։
19 տարեկանում ամուսնանալով ավստրիացի միլիոնատիրոջ հետ՝ նա շուտով հեռանում է նյրանից՝ փախչելով Ամերիկա, որտեղ պայմանագիր է կնքում Հոլիվուդում Լուի Մայերի հետ։ «Սամսոն և Դալիլա», «Ալժիր» և «Տիկինը արևադարձներում» ֆիլմերում գլխավոր դերերը Լամարին դարձրեցին իր ժամանակի մեգաաստղ:
Նրա կռվարար կերպարի մասին լեգենդներ էին հյուսվում, քանի որ բացահայտորեն արտահայտում էր իր կարծիքը հոլիվուդյան բարքերի մասին, անաչառ և անմիջական էր, նրան կշտամբել անարդարության համար անհնար էր։
Հեդին ուներ իրեն նախանձողներ և թշնամիներ։ Մանկուց պաշտում էր ճշգրիտ գիտությունները՝ մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա։ 1942 թվականին Հեդին արտոնագրեց հաճախականության սկանավորման համակարգ, որը թույլ էր տալիս տորպեդներին կառավարել հեռվից։ Արտոնագիրը հիմք դարձավ տարածված սպեկտրի հաղորդակցության համար, որն այսօր օգտագործում են բջջային հեռախոսներն ու Wi-Fi-ը: Հեդին արտոնագիրը նվիրեց ԱՄՆ-ին և հրաժարվեց որևէ վարձատրությունից ու պարգևավճարից:
Համարձակ, անզիջում, վառ անհատականություն էր, բայց, ցավոք, անհաջողակ էր սիրո մեջ։ Պերֆեկցիոնիստի շատ բարձր չափանիշներ ուներ: Միշտ փորձել է գտնել իր սրտի տղամարդուն, ամուսնացել է 6 անգամ և նույնիսկ երկու երեխա է ունեցել՝ որդի և դուստր:
60-ականների կեսերից նա գործնականում չի նկարահանվել ֆիլմերում և չի երևացել հանրության առաջ:
Բոլորին ապշեցրել է նրա նմանությունը Վիվիեն Լիի հետ: Երկուսն էլ ծնվել են ուղիղ մեկ տարի 4 օր տարբերությամբ, երկուսն էլ՝ Կարիճի համաստեղության տակ։ Եվ երկուսն էլ ունեին ամեն ինչ՝ բացի կանացի երջանկությունից: Պատահականությո՞ւն էր…
Հեդին իր կյանքի վերջին 20 տարին ապրել է բոլոից մեկուսացած։ Նա միայն կարճ հեռախոսային հարցազրույցում ասել է. «Մի կարծեք, որ ես վատ տեսք ունեմ. պարզապես չեմ ուզում որևէ մեկին տեսնել»:
Ավստրիայի ազգային հարստություն Հեդի Լամարը՝ փայլուն դերասանուհին և գյուտարարը, մահացավ 2000 թվականի հունվարին, 85 տարեկանում, Ֆլորիդայում։
Նրա աճյունը, իր կամքի համաձայն, ցրվել է սիրելի Վիեննայում։ Հեդիի ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ը, Ավստրիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում անվանում են Գյուտարարի օր:
2014 թվականին, Հեդի Լամարի հարյուրամյակի կապակցությամբ Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը կանգնեցվել է նրա հուշարձանը։
Հուշարձանի վրա գրված է.
«Ֆիլմերը գոյություն ունեն պատմության կոնկրետ ժամանակաշրջանում, իսկ տեխնոլոգիան հավերժ է»:
Հեդի Լամար, դերասանուհի, գյուտարար։