Եկող 2025-ը կավելացնի Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, ընդ որում շատերի դեպքում՝ հենց կրկնակի։ Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Հարկման այս տիրույթում աշխատող ընկերություն դժվար է գտնել, որ գոհ է այս նորամուծությունից։
«Բարդացնելու է իրավիճակը, շատերի համար փակուղի է ստեղծում, և արդեն մտածում են, որ այսպես դժվարությամբ առաջ գնալու փոխարեն կարելի է ուղղակի ստոփ տալ ու անցնել այլ գործերի», – «Ազատության» հետ զրույցում ասաց գործարար Արմեն Հայրապետյանը, ում ընկերությունը վաճառում է վայրի թեյեր ու գյուղական այլ արտադրանք։
Ավելի բարձր հարկ նա արդեն վճարում է, ինքնակամ է անցել ավելացրած արժեքի հարկի դաշտ, քանի որ նրա արտադրանքը վաճառող սուպերմարկետներն են երկընտրանքի առջև դրել գործարարին՝ կա՛մ ԱԱՀ-ի դաշտ, կա՛մ չեն վաճառքի ապրանքը։
Ավելի բարձր հարկային բեռն արդեն փորձած Հայրապետյանն ասաց՝ գործերը լավ չեն. – «Ես որոշեցի, որ այդ դժվարությունների միջով պետք է անցնեմ՝ իմ մեկ այլ աշխատանքից ներդնեմ այս գործի մեջ, փոքր-փոքր քայլերով առաջ տանել գործը, բայց բավականին դժվար է այս հարկային դաշտում»։
Կառավարությունը հարկային այս փոփոխությանը գնալուց առաջ դաշտի ուսումնասիրություն չի արել ու չի պարզել, թե այն ինչ ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր փոքր ու միջին ընկերությունների վրա, ազդեցության գնահատմասն մասին փաստաթուղթ պարզապես չկա, նկատեց «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանը։
Ըստ նրա՝ կառավարությունը հեշտացնում է հարկային վարչարարությունը իր տեսանկյունից՝ անտեսելով փոքր հարկատուի շահերը. – «Երբ տեսնում ենք օրենսդրական նախագծեր, դրանց ուղեկցում է միայն կանխատեսումը, թե բյուջեի վրա ինչ լրացուցիչ եկամուտ կլինի <>: Կան ոլորտներ, օրինակ՝ ներմուծված միրգ-բանջարեղեն և այլն, որ այն ժամանակ էլ խնդիր ունեինք, հիմա էլ, որ ճիշտ փաստաթղթավորված չի հայտնվում մեր շուկա»։
Հայաստանում վերջին տասնամյակում հիմնականում եղել են արտոնյալ հարկային պայմաններ փոքր բիզնեսի համար։ Դրանք, ըստ էության, աստիճանաբար կվերանան։
Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ կարճ տեսանյութ էր պատրաստել շրջանառության հարկի մասին ու տեղադրել իր էջում՝ հիմնավորելով, թե «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է»։ Ըստ Փաշինյանի՝ սա նաև հնարավորություն է փոքր բիզնեսի համար։
Հունվարի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխությունը ՓՄՁ-ներին հնարավորություն է տալիս կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված կլինի. Հակոբ Ավագյանն ասաց՝ նման կարգավորում հիմա էլ գործում է, սակայն դրանից շատ քչերն են օգտվում, ու պատճառն այն չէ, որ չեն ցանկանում ցածր հարկ վճարել, այլ այն, որ չի ստացվում ձեռք բերել փաստաթղթեր բոլոր օղակներում։
«Այդ մոդելին պետք է հասնել, դու պետք է հասնես քո հնորդ մատակարար շղթայով, որ ունենաս այդքան փաստաթղթավորում և հետո նոր նվազեցնես, որ ստացվի այդ 1.5-ի փոխարեն 1»։
Հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջարկելիս կառավարությունը հաշվի չի առել նաև տարածքային զարգացման խնդիրները, կարծում է մասնագետը, քանի որ հարկային բեռի ավելացումը խնդիր է լինելու հեռավոր գյուղերի խանութների, հյուրատների, այնտեղ գործող միկրոբիզնեսի այս տեսակի համար ևս։ Շրջանառության հարկի դաշտում Հայաստանում աշխատում է ավելի քան 50 հազար փոքր ու միջին ընկերություն։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.